Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Երրորդի հայելայինը

Երրորդի հայելայինը
07.11.2014 | 12:47

Չեմպիոնների լիգայի խմբայինների չորրորդ տուրի հանդիպումները նախորդի հայելային անդրադարձն էին: Հյուր գնացածներն այս անգամ տանտերերի կարգավիճակում էին, տանտերերը՝ հյուրերի: Տեսնենք, թե կողմերն ինչպես բաժանվեցին այս անգամ:

B ԽՈՒՄԲ
Պատասխան խաղում ևս Մադրիդի «Ռեալը» երեք միավոր կորզեց «Լիվերպուլից» (1:0), որը ոչ խաղամակարդակով, ոչ էլ հոգեբանորեն այդպես էլ չկարողացավ իր մեջ հաղթահարել արքայական ակումբի արգելքը: Մերսիսայդցիները կարողացան թերևս վրեժխնդիր լինել նրանով, որ դարպասը փակ պահեցին վերջին տասնմեկ խաղում խաղադաշտից մշտապես գոլով հեռացած Ռոնալդուի համար՝ կանգնեցնելով նրա ռեկորդային ընթացքը: Իսկ ահա «Բազելը» հիմնովին վրեժխնդիր եղավ «Լյուդոգորեցից»՝ չորս անգամ գրավելով նրա դարպասը: Այս հանդիպումների արդյունքով «Ռեալը» չորս խաղից հետո միավորների առավելագույն պաշարով արդեն իսկ լուծել է խմբայինից դուրս գալու հարցը, ինչին, ի դեպ, ոչ ոք չէր էլ կասկածում, փոխարենը շատ ավելի սրվեց երկրորդ ուղեգրի հնարավոր թեկնածուի հարցը՝ «Բազելն» ունի վեց, «Լիվերպուլն» ու «Լյուդոգորեցը»՝ երեքական միավոր:

D ԽՈՒՄԲ
Տասներկու միավորով հաղթական առաջ է ընթանում և Դորտմունդի «Բորուսիան», որը դարձյալ չորս գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը: «Գալաթասարայի» միակ հաջողությունն այն եղավ, որ կարողացավ մեկ անգամ գրավել դորտմունդցիների դարպասը: Ի դեպ, խաղի ընթացքում անվայել պահվածքով աչքի ընկան թուրք մարզասերները, սակայն սա արդեն ծանոթ ձեռագիր է, չծանրանանք սույնի վրա: Նախորդ տուրում հյուրընկալվելիս «Արսենալի» տարած հաղթանակը ենթադրում էր հեշտ խաղ Լոնդոնում, սակայն «Անդերլեխտին» հաջողվեց երեք անգամ գրավել ժամանակից շուտ հաղթանակին հավատացած մրցակցի դարպասն ու հանդիպումն ավարտել 3:3 հաշվով: Ընդհանրական հայացքի կարգով հավուր պատշաճը մատուցենք երեք գնդակով հաղթելու պայմաններում խաղը ոչ-ոքի ավարտելու լոնդոնցիների բացառիկ «շնորհքին»: Յոթ միավորով լոնդոնցիները հաջորդում են դորտմունդցիներին ու թերևս այստեղ ամեն ինչ որոշված է:

A ԽՈՒՄԲ
Չորս խաղից հետո վաստակած միավորների առավելագույն քանակով «Ռեալին» ու «Բորուսիային» ընկերակցեց նաև «Մալմյոյի» նկատմամբ կրկին հաղթանակ տոնած Մադրիդի «Աթլետիկոն»: Ճիշտ է՝ 2:0-ն 5:0 չէ, բայց դե փոխարենը երեք միավորը երեք միավոր է: «Օլիմպիակոսից» կրած պարտությանը տնային խաղում հաղթանակով պատասխանեց «Յուվենտուսը»: Եվ այնուամենայնիվ կեցցեն հույները, ովքեր քիչ ցնցումների մեջ չգցեցին «ծեր սինյորային»: Խաղի 3:2 հաշիվը դրա շոշափելի վկայությունն է: Ավելացնենք միայն, որ «Յուվենտուսը» խաղը փրկել է 1:2 հաշվով պարտվելուց: Վեցական միավորով հույներն ու իտալացիները երկրորդ-երրորդ հորիզոնականներում են, ու, ամենայն հավանականությամբ, նրանց մեջ էլ կորոշվի բաղձալի երկրորդ ուղեգրի հարցը, թեպետ երեք միավոր ունեցող «Մալմյոյին» էլ դեռ վաղ է մրցակցությունից դուրս համարելը:

C ԽՈՒՄԲ
Հաղթելով նաև մոսկովյան հանդիպումում (2:1)՝ «Բայերը» «Զենիթին» ցույց տվեց, թե «տայգայում» իրականում ով է արջը: Մի խոսքով, սանկտպետերբուրգցիներին չօգնեց անգամ ռուսական դասական ցուրտը: Գերմանացիները ինը միավորով աղյուսակի առաջին հորիզոնականում են: Շանսերը զգալիորեն բարձրացրեց մինչ այդ մեկ միավոր ունեցող «Բենֆիկան», որը հաղթանակով (1:0) ավարտեց «Մոնակոյի» հետ հանդիպումն ու չորս միավորով «Զենիթի» հետ երրորդ-չորրորդ հորիզոնականում է: Արտագնա խաղը, փաստորեն հնարավորություն չտվեց «Մոնակոյին» ավելի հանգիստ կյանքով ապրելու: ՈՒնեցած հինգ միավորն այդպես էլ չփոխեց իր թվային արտահայտությունը: Այս խմբում ամեն ինչ շարունակում է ծայրահեղ խճճված մնալ:

E ԽՈՒՄԲ
Նկատի ունենալով, որ արտագնայում «Բավարիան» բառիս բուն իմաստով քամուն էր տվել «Ռոմայի» «բուրդը» (7:1-ը չափից դուրս խայտառակ հաշիվ է պարտությունը պարզապես պարտություն համարելու համար), պատասխանում նույնպես սպասվում էր մոտավորապես նույնը, եթե բավարացիները հյուրերի նկատմամբ բարեգութ չգտնվեին: 2:0 հաշվով հաղթանակը համարենք «Բավարիայի» բարի կամքի արտահայտությունը, իսկ «Ռոմային» խմբայինից դուրս գալու համար դեռ շատ քրտինք թափել է պետք, որովհետև եթե «Մանչեստր Սիթին» լավագույն վիճակում չէ, չի նշանակում, թե հայտնի կինոնկարի Մուրադի պես չի վերցնի ու կատաղի, իսկ նրան հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթած ԲԿՄԱ-ի ախորժակը կարող է և «սամալյոտի միս» ուզել: Ավարտելով՝ ասենք, որ «Բավարիան» նույնպես տասներկու միավոր ունեցողների «ակումբում» է: Չորսական միավոր ունեն «Ռոման» ու ԲԿՄԱ-ն, երկու՝ «Մանչեստր Սիթին», ու երկրորդ ուղեգրի համար պայքարը թեժ է լինելու:

F ԽՈՒՄԲ
«Պարի Սեն Ժերմենի» ու «Բարսելոնի» հաղթանակներից հետո (առաջինը սեփական հարկի տակ նվազագույն հաշվով պարտության է մատնել ԱՊՕԵԼ-ին, երկրորդը հյուրընկալվելիս 2:0 հաշվով առավելության է հասել «Այաքսի» նկատմամբ), սա դարձավ առաջին խումբը, որտեղ գործնականում որոշված է երկու ուղեգրերի հարցը: Միակ ինտրիգը մնում է այն, թե նրանցից որն է առաջին հորիզոնականում լինելու, որը՝ երկրորդ: Միջանկյալ նշենք, որ «Բարսելոնի» երկու գնդակների հեղինակն էլ Մեսին է, ով եվրոպական առաջնություններում խփած գոլերի քանակը հասցրեց յոթանասունմեկի՝ հավասարվելով լեգենդար Ռաուլին: Դառնալով խմբում ուժերի հարաբերակցությանը՝ նշենք, որ տասը միավորով առայժմ առաջինում են փարիզցիները, իսկ բարսելոնցիները հետ են մնում ընդամենը մեկ միավորով:


G ԽՈՒՄԲ
Երրորդ տուրի հանդիպումում «Մարիբորի» դարպասը վերածելով անտակ դույլի (6:0)՝ «Չելսին» թերևս նույն տրամադրությամբ էր ժամանել Շվեյցարիա, սակայն հանդիպեց կատաղի դիմադրության: Արդյունքում ազնվականները սոսկ մեկ միավոր վաստակած են վերադառնում մառախլապատ Ալբիոն (1:1)՝ խմբայինն առաջին տեղով ավարտելը թողնելով հաջորդ, իսկ գուցեև հաջորդի հաջորդ խաղին: Այստեղ նախորդի պես գոլառատ եղավ «Սպորտինգ»-«Շալկե» հանդիպումը: Եթե նախորդում գրանցվել էր յոթ գոլ, ու մեկ գնդակի առավելությամբ հաղթել էին գերմանացիները, ի դեպ, ի հաշիվ խիստ կասկածելի տասնմեկմետրանոցի, ապա պորտուգալացիները լիուլի վրեժխնդիր եղան՝ իրենց առավելությունը ձևակերպելով գնդակների 4։2 հարաբերակցությամբ: «Չելսին» ունի ութ, «Շալկեն»՝ հինգ, «Սպորտինգը»՝ չորս, «Մարիբորը»՝ երկու միավոր, ու կոնկրետ երկրորդ ուղեգրի հարցում ոչինչ հստակ չէ:

H ԽՈՒՄԲ
Գոլային կատարյալ հրավառությամբ ավարտվեց նաև «Շախտյոր»-ԲԱՏԷ երկրորդ հանդիպումը: Նախորդում, հիշում եք, գրանցվել էր յոթ անպատասխան գոլ, այս անգամ այդ անպատասխանները երկուսով պակաս էին: Երկուսով պակաս էին նաև «Շախտյորը» ներկայացնող Լուիս Ադրիանոյի խփածները՝ երեք, թեպետ երկու խաղում դրանց ընդհանուր քանակը՝ ութ, խիստ տպավորիչ է: Բիլբաոյի «Աթլետիկի» հետ դիմակայությունում կրկին երեք միավոր վաստակեց «Պորտուն» (2:0) ու տասը միավորով աղյուսակի առաջին հորիզոնականում է: Պորտուգալացիները միանշանակ նվաճել են Չեմպիոնների լիգայում պայքարը շարունակելու իրավունքը, հարցը միայն այն է, թե ո՞ր տեղով են դուրս գալու խմբայինից: «Շախտյորն» ունի ութ միավոր:

ԿԱՐԾԻՔՆԵՐ
Ռոման ԲԱԲԱԵՎ (ԲԿՄԱ-ի գլխավոր տնօրեն). «Մենք շատ ուրախ ենք. շատ բաներում սա պատմական հաղթանակ է: Ծանր խումբ է, մրցակիցը Եվրոպայի լավագույններից մեկն է, և Մանչեստրում Անգլիայի չեմպիոնին հաղթելը թանկ արժե: Տղաներն անվիճելիորեն կեցցեն, ու դա համեմատելի է փոքր խիզախության հետ: Հուսով եմ, որ սա թիմին նոր ուժ կտա: Կարելի է ասել, որ մեզ համար նոր փուլ է սկսվում Չեմպիոնների լիգայի պայքարում: Մենք հույս ունենք, որ կկարողանանք դուրս գալ փլեյ օֆ»:
ՉԱՎԻ («Բարսելոնի» կիսապաշտպան). «Մեզ պետք էր այդ հաղթանակը: Մեզ համար հեշտ չէր, սակայն այդ հաղթանակը վստահություն կտա: Երբ պարտվում ես, պարտադիր չէ փոխել խաղաոճը: Նման դեպքերում մենք պետք է շարունակենք առաջ ընթանալ: Լուիս Էնրիկեի օրոք խաղաոճը մնացել է նույնը, ինչպիսին մրցաշրջանի սկզբին էր: Լեոյի համար ուրախ եմ և հանուն նրա, որ նա անում է թիմի համար: Նա թիվ մեկն է, աշխարհի լավագույն ֆուտբոլիստը»:
Լիոնել ՄԵՍԻ («Բարսելոնի» հարձակվող). «Սա ուրախալի իրադարձություն է իմ կյանքում: Հրաշալի է, որ կրկնեցի ռեկորդը, սակայն շատ ավելի կարևոր էր մրցաշարի հաջորդ փուլ դուրս գալու համար երեք միավոր վաստակելը: Մենք այն վաստակեցինք, ու դրա համար ես երջանիկ եմ: Ես առանձին վերցրած գոլերը չեմ մտապահում: Պարզապես միշտ ձգտում եմ խփել: Վերջնարդյունքում ես կհիշեմ գնդակների քանակը: Ինչպես արդեն ասել եմ, ամենահիշարժանը մնում են եզրափակիչ խաղերում խփված գոլերը»։


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 757

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ